Մեզնից շատերը ցանկանում են իրենց խնայողությունները կուտակել բանկում որպես ավանդ, սակայն ներդրում չեն կատարում՝ վախենալով կորցնել ունեցածը:
Պարզաբանենք, թե որն է բանկային ավանդը, ինպես խուսափել հնարավոր ռիսկերից և կուտակել տոկոսներ:
Բանկային ավանդն անձի կողմից բանկին տրամադրված այն գումարն է, որը ավանդատուն հետագայում հետ է ստանում լրացուցիչ տոկոսադրույքների հետ միասին:
Շատերի մոտ բանկերի նկատմամբ վստահությունը այնքան էլ բարձր չէ, այդ իսկ պատճառով գերադասում են գումարը պահել բարձի տակ, քան որպես ավանդ ներդնել բանկում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ավանդների երաշխավորման համակարգը, որի նպատակը բանկերի սնանկացման դեպքում ավանադատուների ներդրած գումարի վերադարձն է: Սակայն ավանդների երաշխավորման համակարգից օգտվելու համար նախատեսված է 2 պայման
· Ավանդատուն պետք է լինի ֆիզիկական անձ
· Նրա կողմից ներդրած գումարը չգերազանցի 10 մլն ՀՀ դրամը:
Ավանդների երաշխավորման համակարգը պատրաստ է բանկերի սնանկացման դեպքում բոլոր ֆիզիկական անձանց հետ վերադարձնել իրենց կողմից ներդրված գումարները, եթե դրանք չեն գերազանցում 10մլն ՀՀ դրամը: Հետևաբար՝ վախենալ պետք չէ, պարզապես կարող ենք մեր գումարը 10-ական մլն դրամներով բաշխել տարբեր բանկերում՝ դրանով իսկ մեզ ապահովելով որևէ ռիսկից: Ինչպես ասում են՝ «Բոլոր հավկիթները նույն զամբյուղում մի´ դիր»:
Ավանդները լինում են 2 տեսակի` ցպահանջ և ժամկետային:
• Ցպահանջ ավանդի դեպքում, եթե ցանկանում եք մինչ ավանդի պայմանագրի ժամկետը լրանալը հետ վերցնել ներդրված գումարը, բանկը պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել այն, ինչպես նաև ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները:
• Ժամկետային ավանդների դեպքում ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով:
Ժամկետային ավանդի դեպքում մենք նույնպես կարող ենք հետ վերցնել մեր ներդրած ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը և բանկը պարտավոր է վերադարձնել մեր ներդրած գումարը ամբողջությամբ: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը մեզ հատկացնի պայմանագրի կնքման պահին մեզ խոստացված տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ:
Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից, սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում (8%, 10%, 12% և այլն), քան ցպահանջ ավանդի դեպքում (0.1%, 0.5%, 1% և այլն):
Եթե ցանկանում եք ավանդ ներդնել բանկում, սակայն դեռ վստահ չեք կամ հարցեր ունեք, ապա կարող եք դիմել մեզ՝ ստանալու անվճար խորհրդատվություն։