Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար այսօր ևս երեք հոգու մեղադրանք առաջադրվեց։
Աղավնի Կարապետյանը որդու փաստաբանին էր սպասում, երբ վերջինս, դատարանի շենքից դուրս գալով, հայտնեց, որ կնոջ որդուն՝ Աշոտ Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, և նա երկու ամսով կալանավորվել է: Փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի խոսքով, իր պաշտպանյալ Աշոտ Մուրադյանին մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրը նրա ստացած հեռախոսազանգը։
«Համարը անծանոթ է եղել, բայց միջնորդավորված է ճանաչել: Ով որ զանգել է՝ «Սասնա ծռերի» հետ կապ ունեցող անձ է», - ասաց փաստաբանը:
Աղավնի Կարապետյանը, մինչդեռ, պնդում է, որ որդին որևէ կապ չունի զինված խմբի հետ․ - «Իրեն անծանոթ համարից զանգ է եկել առավոտյան, ինքը քնած է եղել, չի լսել, հետո արթնացել է, իրեն հետաքրքիր է եղել, հետ է զանգել»:
Կինը վրդովված պատմում էր, թե ինչպես են դիմակավորված անձինք օրեր առաջ ներխուժել իրենց բնակարան, զենք պահելու կասկածանքով խուզարկել այն ու տարել իր հեռախոսը, որը միայն այսօր են վերադարձրել․ - «Բերման ենթարկելու էլ ձև կա, ոչ թե դուռը կոտրելով, ներխուժելով բնակարան։ Ամսի 23-ի վաղ առավոտյան են եկել տնից տանելու՝ դիմակավորված․․․ երևի Երևանի կեսը մեր տուն էր լցված»:
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվել են ձերբակալություններ ու կալանավորումներ։ Նախաքննական մարմինը չի հրապարակում ձերբակալվածների ու կալանավորվածների թիվը, մինչդեռ, «Ազատության» տվյալներով, արդեն զինված խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորվել է առնվազն 6 հոգի՝ այդ թվում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրանցից ոչ ոք մեղքը չի ընդունում։
ԱԱԾ-ն նախօրեին նաև հայտարարել էր՝ բացահայտվել է, որ զինված խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը: